ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Նաբուկոյի» կառուցումը ձեռնտու կլինի ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Արևմուտքին, համոզված են թուրքերը

«Նաբուկոյի» կառուցումը ձեռնտու կլինի ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Արևմուտքին, համոզված են թուրքերը
30.01.2009 | 00:00

«ԳԱԶԱՏԵՆԴ»
«Էներգետիկ պատերազմների» շուրջ ծավալվող հերթական խորամանկ բամբասանքները պարզաբանելու առումով տողերիս հեղինակի համար շարժառիթ հանդիսացավ Լոնդոնից հնչած հեռախոսազանգը` ճանաչված բրիտանական փորձագետներից մեկի կողմից։ Նա պնդում էր, որ «Նաբուկո» գազամուղային խոշոր նախագծի կառուցման հնարավոր ուղիներից կամ ճյուղերից մեկը Հայաստանն է։
Գաղտնիք չէ, որ այս նախագիծն այսօր դարձել է ԱՄՆ-ի և Արևմուտքի միջև հակադրության գլխավոր գործոններից մեկը, և պատահական չէ, որ էներգետիկ հարցերի շուրջ Բուդապեշտում տեղի ունեցած կոնֆերանսի շրջանակներում, իբրև գազային տրանզիտի երկիր, դիտարկվել է նաև Հայաստանը։ Թեկուզև այդ հարցը հասկանալի պատճառներով միանշանակ լուծման չի արժանացել, սակայն էներգետիկ հոսքերի դիվերսիֆիկացիայի խնդիրը դառնալու է կամ արդեն դարձել է առաջիկա տարիների գլխավոր քաղաքական հարցը։
Սկզբունքորեն ոչ մի փորձագետ կասկածի տակ չի դրել այն հանգամանքը, որ հունվարին Մոսկվայի և Կիևի միջև սկիզբ առած գազային պատերազմը կունենա իր հետևանքները, և դրա դասերը յուրօրինակ գնահատականի կարժանանան Բուդապեշտում տեղի ունեցած կոնֆերանսում` «Նաբուկո» նախագծի իրականացման վերաբերյալ։ Այդ պլանային հանդիպման ժամանակ այս նախագծի մասնակից հինգ պետությունները, ինչպես նաև գազային և նավթագազային վեց ընկերությունների ներկայացուցիչներ, որ ներգրավված են կոնսորցիումի մեջ, միանշանակ արձանագրեցին, որ պետք է Եվրամիության համար գազի մատակարարման այլընտրանքային ուղիներ ձևավորել Ադրբեջանից, Իրանից, Իրաքից, Թուրքմենստանից և Ղազախստանից համապատասխան խողովակաշարեր անցկացնելով։ «Նաբուկո» գազամուղը, որն, ըստ նախագծի, ունենալու է 3300 կմ երկարություն և տարեկան մինչև 31 մլրդ խմ թողունակություն, անցնելու է Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Ավստրիայի տարածքով։ Ըստ վերջին գնահատականների, նախագծի իրագործումը կարժենա 7,9 մլրդ եվրո, ինչը համարյա կրկնակի է նախապես սահմանված 4,4 մլրդ եվրո գումարից։ Վերջնական ճշգրտումները կարվեն այս տարվեվերջին կամ ամենաուշը` հաջորդ տարվա սկզբներին, իսկ գազամուղը կկառուցվի արդեն 2013-ին։
Անգլիական ԲիԲիՍի-ի հավաստմամբ` այս խողովակաշարը գազն Ադրբեջանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի տարածքով կհասցնի Ավստրիա, որտեղ կառուցվելու է հատուկ գազապահեստարան, իսկ այնտեղից էլ կսկսվի բաշխումը Արևմտյան Եվրոպայի մյուս երկրներին։ ՈՒշադրության է արժանի, սակայն, որ Ադրբեջանը և Թուրքիան անմիջական սահման չունեն, իսկ թե որ միջանկյալ երկրով է անցնելու խողովակաշարը (Վրաստան, Հայաստան, Իրան), անգլիական ռադիոկայանը չի նշում։ Փաստ է, սակայն, որ գազամուղը կառուցելու մտադրություն ունեցող կոնսորցիումի ներկայացուցիչները դիմել են եվրոպական ներդրումային բանկին` առաջարկելով ապահովել նախագծի ֆինանսավորման առյուծի բաժինը։
Բանկի տնօրենների խորհրդի նախագահ Ֆիլիպ Մեյստադը, սակայն, հայտարարել է. «Սկզբունքորեն մենք պատրաստ ենք, եթե միայն այդ նախագիծը կենսունակ է։ Այդ իսկ պատճառով մենք կարիք ունենք ավելի մանրամասն տեղեկատվության, որպեսզի տեսնենք, թե որքանով է այն համապատասխանում ֆինանսավորման չափորոշիչներին»։ Իսկ չափորոշիչները, ակնհայտորեն, առնչվում են ամենանուրբ ոլորտներին։ Այսինքն, նախագծի հումքային ապահովվածությանը և ապագա խողովակաշարերի անվտանգությանը։
Ներկայումս «Նաբուկոյի» իրականացման հիմնական ջատագովների թվին է պատկանում Ադրբեջանը։ Համենայն դեպս, գազամատակարարման կայուն երաշխիքներ տվել է միայն այդ երկրի նախագահը, սակայն Բաքվի պաշարները նման նախագծի պահանջների բավարարման տեսանկյունից բոլորովին բավարար չեն։
Նախագծի հնարավոր մասնակից մյուս կողմերն ունեն որոշակի շահերի հակասություն։ Ավելին, Ռուսաստանի ղեկավարությունը կարողացավ Թուրքմենստանի և ՈՒզբեկստանի առաջնորդների հետ համաձայնություններ ձեռք բերել առ այն, որ այս երկրները «Գազպրոմին» կվաճառեն իրենց պաշարներն ամբողջությամբ։ Ռուսաստանը մտադիր է այդ գազը ձեռք բերել 1000 խմ-ն 340 ԱՄՆ դոլարով և, չնայած հնարավոր վնասաբերությանը, թեկուզ տեսականորեն, հուսով է, որ «Նաբուկոյի» ծրագիրը դրանով կտապալվի։ Մոսկվայի այսպիսի մոտեցումը լրացուցիչ վկայություն է այն իրողության, որ «գազային պատերազմը» մնում է ռուսական արտաքին քաղաքականության կարևոր լծակներից մեկը։
Սակայն հայտնի է նաև Տաշքենդի, ինչպես նաև Աշգաբադի տերերի` ցանկացած իրավիճակում շատ արագ կողմնորոշվելու և նախապատվությունները փոխելու ունակությունը։ Այդ թվում` աշխարհաքաղաքական կողմնորոշումները, ինչը հիմք է տալիս պնդելու, որ այս պատմությունն այդքանով չի վերջանա։ Հատկանշական է և հետևյալ հանգամանքը. «Նաբուկոյի» իրականացման ամենաշահագրգիռ կողմերից մեկն ԱՄՆ-ն է։ Պաշտոնական Վաշինգտոնն ուշադիր հետևում և գործնականում կառավարում է բոլոր գործընթացները։ Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա, ինչպես հայտարարել է էներգետիկ հարցերով եվրոպական հանձնաժողովի կոմիսար Բենիտա Ֆերրերո-Վալդները. «Եվրահանձնաժողովը հույս ունի, որ կգտնվեն անհրաժեշտ միջոցներ «Նաբուկո» նախագծի իրականացման համար։ Կարծում եմ, որ իրական քայլեր կձեռնարկվեն, քանի որ մայիսի 7-ին Չեխիայի նախագահությամբ կգումարվի գագաթաժողով, որտեղ էլ, հուսով եմ, կոնկրետ որոշումներ կընդունվեն»։
Բացի այդ, «Նաբուկո» նախագծի նախնական տարբերակը, որը հրապարակվեց 2004-ին, ենթադրում էր ապահովել գազի մատակարարումը Իրանից։ Հետագայում նախագիծը վերանայվեց, բայց այժմ ռուս-ուկրաինական հակասությունների պատճառով, փաստորեն, հրատապ է դարձել։ Իսկ Իրանն աշխարհում գազի խոշորագույն արտահանողն է և ստեղծված իրավիճակում հազիվ թե որևէ մեկին, հատկապես եվրոպացիներին, ձեռնտու է Թեհրանը խաղից դուրս թողնելը։ ԱՄՆ-ում նոր վարչակազմի ձևավորման պայմաններում բացառված չէ, որ փոփոխություն արձանագրվի Թեհրան-Վաշինգտոն հարաբերություններում։ Մանավանդ որ գազային ճգնաժամի ժամանակ ունեցած իր ելույթում ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հիշատակեց «Նաբուկո» գազամուղի նախագիծն այն համատեքստում, որ անհրաժեշտ է Եվրոպայի համար նոր այլընտրանքային էներգիայի աղբյուրներ գտնել։ Իսկ Իրանի, առավել ևս Իրաքի միացումն այս նախագծին (ինչի մասին վերջերս սկսել են ավելի հաճախ խոսել), ընդհանրապես կբացառի մտահոգությունները «Նաբուկոյի» կառուցման նպատակահարմարության հետ կապված։
Ինչ վերաբերում է գազի տարանցման ուղիներին, ապա ակնհայտ է, որ 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանն այլևս չի համարվում անվտանգ ուղղություն։ Այդ կապակցությամբ բացարձակապես տարօրինակ չէ Անկարայից հնչած առաջարկությունը` փոխել տրանզիտի ուղղությունը և ապագա գազամուղը կառուցել Հայաստանի տարածքով։ Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սինան Օհանը պնդում է, թե Արևմուտքը լուրջ ցանկություն ունի Հայաստանը տեսնելու այս նախագծի մասնակիցների շարքում։ Այս հայեցակետը միանգամայն համահունչ է ադրբեջանական փորձագետ, քաղաքագետ Ռաուֆ Ռաջաբովի կարծիքին, ով, մասնավորապես, նշում է. «Մենք խոցելի վիճակում հայտնվեցինք և մոտ 1 մլրդ դոլարի կորուստ ունեցանք Վրաստանում տեղի ունեցած պատերազմի ժամանակ։ Մեզ անհրաժեշտ է դիվերսիֆիկացիայի ենթարկել էներգետիկ ռեսուրսների տարանցման ուղիները, որպես պահեստային տարբերակներ ունենալ տարանցման հնարավորություն Ռուսաստանով, Իրանով, Ղարաբաղով ու Հայաստանով»։ Ավելին, թուրքական փորձագետները կարծիք են հայտնում, որ Հայաստանի տարածքով «Նաբուկոյի» կառուցումը ձեռնտու կլինի ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Արևմուտքին։
Սա, իհարկե, չի խանգարում, որ ինչպես Անկարան, այնպես էլ Բաքուն փորձեն նախագծից ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական դիվիդենդներ պոկել։ Հատկապես կատեգորիկ են տրամադրված ադրբեջանական փորձագետները, որոնցից Ռասիմ Մուսաբեկովը պնդում է, որ եթե «Նաբուկո» նախագիծը Հայաստանի տարածքով իրագործելու խնդիր առաջանա, Ադրբեջանը կարող է և հրաժարվել նախագծին մասնակցելուց։ «Առանց Ադրբեջանի այդ ծրագիրն իրագործելն անհնարին է, իսկ առանց Հայաստանի` հնարավոր։ Այդ իսկ պատճառով, քանի դեռ կարգավորված չէ ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանի տարածքով գազամուղի անցկացումն անհնարին է»։
Բայց եթե անդրադառնանք տարածաշրջանի քարտեզին և հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխություններին, ապա ակնհայտ է, որ այս նախագծում Իրանի մասնակցության պարագայում Ադրբեջանի` իբրև տրանզիտային պետության նշանակությունը կտրուկ նվազելու է։ Ավելին, Թեհրանը շարունակում է շրջափակել Կասպից ծովի տակով Թուրքմենստանից Ադրբեջան գազամուղի անցկացման նախագիծը, օգտագործելով բավական հիմնավոր փաստարկների ողջ զինանոցը` բնապահպանականից մինչև աշխարհագրական և տնտեսական հիմնավորումները։ Այս պարագայում բոլորովին էլ ֆանտաստիկ չէ այն տարբերակը, որ «Նաբուկոն» կարող է իրականացվել ցամաքային ճանապարհով Թուրքմենստանից դեպի Իրան։ Ավելին, Ադրբեջանն այս նախագծում գլխավոր դերակատար չէ և նույնիսկ քննարկում չի ընթանում ծրագրում Բաքվի ֆինանսական մասնակցության և համապատասխանաբար իր բաժնեմասն ունենալու մասին։ Այսինքն, Ադրբեջանից պահանջվում է միայն տրամադրել իր տարածքը։ Այնպես որ, Բաքվի քաղաքականությունը հազիվ թե հաջողության հեռանկարներ ունենա, քանի որ վերջին ամիսների «ռուսական գազային շանտաժից» հետո եվրոպացիները խիստ զգայուն են դարձել, շատ վատ են ընդունում իրենց վրա ճնշում գործադրելու փորձերը և հազիվ թե տեղի տան Ադրբեջանի պահանջներին։ Մանավանդ որ ղարաբաղյան հարցը միշտ էլ կարող է հակասության շարժառիթ դառնալ Երևանի և Բաքվի միջև։ Ըստ այդմ էլ, ակնհայտ է, որ այս նախագծի իրագործման առումով խաղագումարը չի դրվելու բացարձակապես մեկ տրանզիտային երկրի վրա, միանգամայն հավանական է ճյուղավորված գազամուղի կառուցումը, և չի բացառվում, որ հենց այդ հանգամանքն է կրկնակի ավելացրել նախագծի նախնական արժեքը։
Հասկանալի է, որ «Նաբուկոյի» ճակատագիրը դեռևս մշուշոտ է, բազմաթիվ չլուծված խնդիրներ կան։ Սակայն, միաժամանակ, առկա է դրա իրագործման ավելի մեծ վճռականություն, քան դրսևորվել էր նախկինում։ Ինչ վերաբերում է այս ծրագրում Հայաստանի հնարավոր մասնակցությանը, ապա ակնհայտ է, որ մեզ համար այն ունի ոչ թե տնտեսական, այլ առհասարակ որոշակի կողմնորոշում որդեգրելուն համարժեք նշանակություն։ Որքան Հայաստանի իշխանությունները կարողանան «գազատենդի» ներկա իրավիճակում ինքնուրույն լինել և պաշտպանել ազգային շահերը, այնքան ավելի մեծ հնարավորություն կլինի ոչ միայն իսկապես պաշտպանելու դրանք, այլև այդ պրոցեսից դուրս գալու որոշակի ձեռքբերումներով կամ առնվազն խուսափելով աղետալի հետևանքներից։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3087

Մեկնաբանություններ